Քրեական գործով անցնող Դավոյանը սկսել է մանդատի պայքարը
Իշխող ՔՊ-ում կարծես մրցավազք է սկսվել՝ ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած՝ այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար։
Նրանցից մեկն Արփի Դավոյանն է։ Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ՔՊ-ի ներսում՝ արժանանալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին, ֆեսբուքյան ակտիվություն է ցուցաբերում։
Քրեական վարույթի մանրամասները
Արփի Դավոյանը տարիներ շարունակ մի քրեական վարույթով անցնում է վկայի կարգավիճակով։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցումից պարզվել է, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։
Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։
Ունեցվածքի աճը
Արփի Դավոյանի ունեցվածքի աճը հետաքրքիր պատմություն է։ 2009-2014թթ. նա աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։ 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական։
2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանը հայտարարագրել է հանձնած փոխառությունները՝ 93,581 դրամ, 130,100 դրամ, 170,995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 161,143 դրամ։
Սակայն 2018 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ։ 2019 թվականին հայտարարագրել է 4,346,031 դրամ՝ բանկային հաշվին եւ 9,961,761 դրամ եկամուտ։
Գույքի ձեռքբերումները
2020 թվականին Արփի Դավոյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է «Միկշին» ՍՊԸ-ին՝ բնակարան ձեռք բերելու համար։ 2021 թվականին 2,5 մլն դրամով Hyundai մակնիշի ավտոմեքենա է գնել։
2024 թվականի հայտարարագրից պարզվում է, որ ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ավտոմեքենան պահպանում է։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 642 հազար դրամ։
Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո՝ Դավոյանի կենսամակարդակն էլ է թռիչքաձեւ աճել, դրա համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ։