Քրեական գործով անցնող Արփի Դավոյանը սկսել է մանդատի համար պայքարը
Իշխող Քաղաքացիական պայմանագրի կուսակցության շարքերում մրցավազք է սկսվել՝ ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը և այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած՝ այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար։ Նրանցից մեկն Արփի Դավոյանն է։
Քաղաքական ուղին և հակասությունները
Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ԿՊ-ի ներսում՝ արժանանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին, ֆեսբուքյան ակտիվություն է ցուցաբերում։ Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով՝ այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարում։
Արփի Դավոյանն այն ԿՊ-ականներից է, ով աչքի էր ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր ցուցադրական մտերմությամբ՝ ԱԺ-ում տարբեր սենյակներ ուղեկցելով։
Քրեական վարույթը
Արփի Դավոյանը տարիներ շարունակ մի քրեական վարույթով անցնում է վկայի կարգավիճակով։ Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է։
Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։
Կարիերայի սկիզբը
2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։ 2015-2016թթ.՝ "Ռոմա" ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ "Գոլդեն տոբակո" ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։
2017-2018թթ. սկսվել է Արփի Դավոյանի քաղաքական ուղին. նա ՀՀ ԱԺ "Ելք" խմբակցության գործավարն էր, բայց սուրճ ու թեյ պատրաստելուն զուգահեռ՝ այլ հմտություններ էլ ձեռք բերեց՝ 2018-2019թթ., հեղափոխությունից հետո, նշանակվելով Նիկոլ Փաշինյանի օգնական։
Ֆինանսական վերելքը
2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանը հայտարարագրել է 161,143 դրամ դրամական միջոցներ և 576,360 դրամ եկամուտ։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել "Իմ քայլը" ընտրացուցակով։ 2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ, եկամուտը կազմել է 6,613,848 դրամ։
2020 թվականին Արփի Դավոյանը "Արդշինբանկ" ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է "Միկշին" ՍՊԸ-ին՝ բնակարան ձեռք բերելու համար։
Ներկա ֆինանսական վիճակը
2024 թվականի հայտարարագրից պարզվում է, որ ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 420 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 642 հազար դրամ, որից 10 մլն 171 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։ Եկամուտներից 3 մլն դրամը "այլ եկամուտ" է "ԱԿԲԱ" բանկից։
Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո՝ Դավոյանի կենսամակարդակն էլ է թռիչքաձև աճել, դրա համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ։